ԵՄ դիվանագետները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախման՝ Գրենլանդիայի նկատմամբ նրա պահանջների պատճառով, հաղորդում է Politico-ն։
«Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղղակի առճակատմանը: Նա ագրեսիվ տրամադրվածություն ունի և մենք պետք է պատրաստ լինենք դրան», — պարբերականին ասել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
Ըստ նրա՝ եթե նախկինում եվրոպական կառավարությունները չէին գիտակցում, որ Գրենլանդիան զավթելու Դոնալդ Թրամփի սպառնալիքները լուրջ են, ապա այժմ նրանք դա հասկանում են:
Politico-ի մեկ այլ զրուցակից՝ ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ, ենթադրել է, որ դաշինքը կարող է որպես միջնորդ հանդես գալ Գրենլանդիայի, Դանիայի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նա նախկինում արել է դաշինքի անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև վեճերի ժամանակ։
Պարբերականը հղում է անում նաև ՆԱՏՕ-ի երեք դիվանագետների հայտարարություններին, ովքեր նշել են, որ, «ի թիվս այլ հարցերի, դաշինքը պետք է դիտարկի Արկտիկայի պաշտպանական ծախսերի աճի արագացումը, տարածաշրջանում ավելի մեծ թվով զինվորական վարժանքների անցկացումը և զորքերի տեղակայումը՝ Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ին հանգստացնելու համար»։
«Դաշինքը նաև պետք է պատրաստ լինի ստեղծել «Արկտիկական պահակախումբ» ծրագիրը, որն իր ռազմական ռեսուրսները տեղափոխում է տարածաշրջան՝ «Արևելյան պահակախումբ» և «Բալթիկ պահակախումբ» նախաձեռնությունների օրինակով», — կարծում են ՆԱՏՕ-ի երկու դիվանագետներ։



