ԵՄ դիտորդական խումբը մինչեւ խաղաղության համաձ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի մինչև երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը: 

Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»,- ասաց վարչապետը: 

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ երկու երկրները միմյանց հետ միջպետական սահմանին չեն տեղակայի երրորդ երկրների ուժեր։ Երկու երկրներն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի այդ նախապայմանն անընդունելի է հայկական կողմի համար։