ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում Հայաստա...

Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով, նաև շատ կարևոր է,որ քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-2021 թվականների ռազմավարությամբ» «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը: 

«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը, իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասել է Վիկտորինը: