ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Դելիում են

Հնդկաստանը և Եվրոպան ընտրել են երկկողմ ռազմավարական գործընկերություն, երկխոսություն և թափանցիկություն։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 27-ին Նյու Դելիում կայանալիք ԵՄ-Հնդկաստան 16-րդ գագաթնաժողովի բացման նախօրեին։

«Շատ ուրախ եմ այսօր Հնդկաստանում գտնվելու համար։ Հնդկաստանն ու Եվրոպան կատարել են հստակ ընտրություն։ Ընտրել են ռազմավարական գործընկերություն, երկխոսություն և թափանցիկություն՝ օգտագործելով մեր լրացուցիչ ուժեղ կողմերը և կառուցելով փոխադարձ ամրություն։ Մենք ցույց ենք տալիս պառակտված աշխարհին, որ հնարավոր է այլ ճանապարհ», - նշել է նա գրառման մեջ։

Նյու Դելի ժամանելով՝ ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հունվարի 26-ին պատվավոր հյուրեր էին Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթում։ Հունվարի 27-ին նրանք կհանդիպեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և կհամանախագահեն ԵՄ-Հնդկաստան 16-րդ գագաթնաժողովը։ Օրակարգում ներառված են ռուս-ուկրաինական հակամարտության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև կայուն զարգացման, առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության կիրառման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում գործընկերության քննարկումներ։

Ինչպես ֆորումից առաջ հայտարարել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, գագաթնաժողովի անցկացումը «կարտացոլի երկու կողմերի միջև աճող փոխըմբռնումը, մերձեցումը և կնշանավորի հարաբերություններում նոր գլուխ»։