Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի պարտադ...

2026 թ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ հարցը քննարկելու համար։

Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։

«Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները և մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, այժմ իրենք առաջարկում են ուժի մեջ թողնել այն, ինչ կա՝ կամավոր․ քաղաքացիները կարող են պայմանագրերը կնքել ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առանց դրա։ Օրենքի կիրարկումը կհետաձգվի 1 տարով։

ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունելուն, երկրորդ ընթերցումը կանցկացվի  3 ժամ անց։