Էկվադորում՝ «լյուքս» բունկերում ձերբակալվել է...

Էկվադորի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ամենահետախուզվող թմրավաճառ Ադոլֆո Մասիաս Վիլյամարին, հաղորդում է BBC News-ը։

Մասիասը, որը հայտնի է նաև որպես «Ֆիտո», «Լոս Ջոներոս» հզոր հանցավոր խմբավորման առաջնորդն է, որը մեղադրվում է Էկվադորը զբոսաշրջային դրախտից տարածաշրջանի ամենաբարձր սպանությունների մակարդակ ունեցող երկրներից մեկի վերածելու մեջ։

Նա նաև կասկածվում է 2023 թվականին նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունը պատվիրելու մեջ։ Ոստիկանությունը նրան հայտնաբերել է Մանտա քաղաքի շքեղ տան տակ գտնվող ստորգետնյա բունկերում։

Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ 10-ժամյա համատեղ ոստիկանական և ռազմական գործողության ընթացքում կրակոցներ չեն արձակվել։ Մեծ թվով ոստիկաններ նախ խուզարկել և շրջապատել են Էկվադորի ափին գտնվող Մոնտերեյի Մանտա թաղամասում գտնվող եռահարկ տունը։

Երբ նրանք ներխուժել են շենք, գտել են քարե հատակի մաս կազմող շարժական լյուկ, որից մետաղական աստիճանը տանում էր դեպի Ֆիտոյի ստորգետնյա թաքստոց։ «Բունկերը» հագեցած էր օդորակիչով, մահճակալով, օդափոխիչով և սառնարանով։ Տանը կար մարզասրահ՝ բռունցքի պարկով, և խաղասենյակ, որտեղ նա կարող էր խաղալ բիլիարդ և սեղանի ֆուտբոլ: Ըստ տեղեկությունների, Ֆիտոն դիմադրություն չի ցուցաբերել և նրան տեղափոխել են Գուայակիլ նավահանգստային քաղաք, որտեղ գտնվում են Էկվադորի ամենամեծ բանտերից մի քանիսը: