Էկոպարեկայինի ՔՊ-ական պետը բռնվել է կեղծիքի պ...

Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ինչպես հայտնում է «Իշխանություն» լրատվականը, վերջերս Գեղարքունիքի պարկային ծառայության աշխատակիցները նրան կանգնեցրել են փոխարինված (կեղծ) համարանիշներով մեքենա վարելիս։ Դրանից հետո Կիրակոսյանի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, իսկ պաշտոնյան զրկվել է վարորդական իրավունքից։

ՆԳ նախարարությունից «Իշխանության» հարցմանն ի պատասխան տեղեկությունը չեն հերքել, սակայն հրաժարվել են ներկայացնել այլ մանրամասներ՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ նախաքննական մարմին նյութեր չեն ուղարկվել, վարույթ չի նախաձեռնվել, ինչը գնահատվում է որպես անպատժելիության հերթական դրսևորում։

Փաստացի՝ բարձրաստիճան պաշտոնյան բռնվել է իրավախախտման մեջ։ Ըստ Քրեական օրենսգրքի 458-րդ հոդվածի՝ եթե քննությամբ ապացուցվեր, որ Կիրակոսյանը միտումնավոր կեղծ համարանիշ է օգտագործել, ապա նրա արարքը կարող էր որակվել որպես քրեական հանցագործություն։

Այս միջադեպը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն կոնկրետ անձի, այլև ամբողջ համակարգի նկատմամբ։ Ինչպես կարող է բնության պահպանության ոլորտը ղեկավարող պաշտոնյան՝ «բնության ոստիկանապետը», անձամբ խախտել այն օրենքները, որոնց պահպանմանն է կոչված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիրակոսյանի ղեկավարած կառույցի երեք աշխատակիցներ ձերբակալվել էին Իրանից Երևան թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հակառակ՝ ըստ հրապարակման, գողական բարքերի կրող անձինք շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ այնպիսի համակարգում, որը կոչված է վերահսկելու օրինականությունը։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ շուրջ 1000 աշխատակից ունեցող կառույցի ղեկավարի գործողությունները պետք է արժանանան իրավական և քաղաքական գնահատականի։ Պաշտոնական պարզաբանում պահանջվում է՝ բացառելու պետական համակարգում նման վարքագծի հանդուրժումը։