Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում նվազագույնը 180 դրամով՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում:Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ ներկայում կաթը մթերվում է 170-200 դրամ գնային միջակայքում, սակայն Կառավարությունը պատրաստ է աջակցել նոր մթերման կետերի ստեղծմանը։
«Հրապարակային ասում եմ՝ բոլոր այն գյուղերում, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, մենք շատ արագ տեղում կկազմակերպենք մթերման կետ։ Խնդրում եմ, զանգահարեք Էկոնոմիկայի նախարարություն։ Եթե կա այդ ծավալը, ու մարդիկ ուզում են կաթը հանձնել հենց իրենց գյուղում, բայց չկա մթերման կետ՝ մենք արագ կկազմակերպենք մթերումը՝ նվազագույնը 180 դրամով»,- նշեց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ Հայաստանում կաթի պահանջարկը բարձր է, ինչի պատճառով կաթի գինը նախորդ տարվա համեմատ աճել է։
«Մեզ դիմում են արտադրողները և խնդրում են կաթ, որովհետև Հայաստանում կաթի մեծ պահանջարկ կա»,- ասաց նա։



