Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի, ծրագրեր են մշակել ու ներկայացրել կառավարություն: Նրանց համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ կլինեն նոր ծրագրեր, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ: Հոկտեմբերի 9-ին նախարարությունում հանդիպում է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ՝ խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով:
«Բավականին շատ մարդիկ էին եկել, որոնք հետաքրքրված էին մեր՝ արդեն իսկ իրականացվող ծրագրերով: Ունեցանք նաև գաղափարների որոշակի փոխանակում, թե ինչ ծրագրեր առավել արդյունավետ կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար: Քննարկման արդյունքներով այն նախագծերը, որոնք մշակել և ներկայացրել էինք կառավարություն, որոշակի փոփոխություններ կկրեն»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:
Գործարարները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված են եղել նաև տեխնիկական հարցերի հետ: Եղել են հարցեր՝ հարկային համակարգերի փոխգործելիության հետ կապված և այլն: Գևորգյանի հավաստիացմամբ՝ դրանք լուծելի են: Բռնի տեղահանված գործարարները հետաքրքրվել են, թե Էկոնոմիկայի նախարարությունն ինչ ծրագրեր է իրականացնում, որոնցից կարելի է օգտվել:
«Ծրագրերը մի քանիսն են: Այս պահին մասնավոր հատվածի զարգացման մեր ամենաընդարձակ ծրագիրը տնտեսության արդիականացման միջոցառումն է: Միջոցառման շրջանակում արդեն իսկ կնքվել է 2500-ից ավելի վարկային պայմանագիր և 400 մլն դոլարից ավելի միջոցներ արտոնյալ տոկոսներով հասանելի են դարձել Հայաստանի քաղաքացիներին: Ծրագիրը գործել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բռնի տեղահանումից հետո, բնականաբար, այն գործարարները, որոնք կցանկանան օգտվել ծրագրից, նույնպես դրա հնարավորությունն ունեն»,-վստահեցրեց փոխնախարարը:
Ծրագրի շրջանակում ընկերությունները մինչև 10 մլրդ դրամ սահմանաչափով կարող են ձեռք բերել մեքենասարքավորումներ, որոնց տոկոսագումարները պետությունը սուբսիդավորում է:
Նախատեսվում են նաև նոր ծրագրեր, դրանք կլինեն ոչ միայն բռնի տեղահանվածների համար, այլ Հայաստանում առհասարակ մասնավոր հատվածի համար: «Իսկ բռնի տեղահանվածների համար որոշակի արտոնյալ պայմաններ կգործեն: Դրանք այն առաջարկներն են, որ դեռ նախորդ շաբաթ մշակել և ներկայացրել ենք կառավարություն»,-ասաց փոխնախարարը:
Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպմանը մասնակցած գործարարները եղել են հիմնականում շինարարության, մշակող արդյունաբերության և այլ ոլորտներից: «Կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք մենք ուզում ենք իրականացնել, հիմնական մասի խնդիրները կկարողանան սահուն կերպով լուծել»,-ասաց նա՝ հավելելով, որ հաշվի են առել նրանց ներկայացրած որոշակի առաջարկները ևս:
Գևորգյանի խոսքով՝ կառավարությանը ներկայացված ծրագրերից մեկը վերաբերում է զբաղվածության ապահովմանը: Այն մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ, գուցե զբաղվել են ապրանքների, ծառայությունների առևտրով, հնարավորություն կստանան Հայաստանում որպես աշխատուժ ներգրավվել տարբեր գործարարների մոտ, որոնք այս պահին աշխատուժի մեծ սղություն ունեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին հանդիպում տեղի կունենա նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալել գյուղատնտեսության ոլորտում: