
Եվրախորհրդարանը հուլիսի 10-ին քվեարկություն կիրականացնի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահության հարցով։ Այս մասին վեց պաշտոնյաներ հայտնել են Politico-ին։
Նախաձեռնության հեղինակը ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան է։
Գերմանական dpa-ի տվյալներով՝ ԵԽ-ում քննարկումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ արդեն հուլիսի 10-ին տեղի կունենա քվեարկությունը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։
Եվրահանձնաժողովին անվստահություն հայտնելու հավանականությունը քիչ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է լինելու ձայների երկու երրորդը։ Այդուհանդերձ, շատ փորձագետներ կարծում են, որ սա իսկական փորձություն է լինելու 66-ամյա ֆոն դեր Լայենի համար։
Վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարին անվստահություն հայտնելու հարց կբարձրացվի։ Նախորդ անգամ նման բան էր տեղի ունեցել 2014-ին, երբ Եվրահանձնաժողովը ղեկավարում էր Ժան-Կլոդ Յունկերը։ Նախաձեռնությունը, սակայն, վերջնարդյունքում բավարար աջակցություն չէր ստացել։