ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարներն Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը»,- ասել է Ուշակովը։
Լրագրողների հարցին, թե արդյոք Մհեր Գրիգորյանն այդ փաստաթուղթը կտանի Երևան, Ուշակովը դրական է պատասխանել։
Աստանայում մայիսի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցել, իսկ Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է աշխատել Միության շրջանակում՝ պաշտպանելով իր տնտեսական շահերը։



