Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի  հումանիտար ճգնաժամի պատճառով:  Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար  Ջերի Փիլլեյը: «Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:

Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանն անհապաղ և արագ միջամտել՝ շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքերը փրկելու նպատակով, այնուհետև ձեռնամուխ լինել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին»,- ասել է Փիլլեյը:

ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը, որպեսզի երաշխավորվի քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և անարգել մարդասիրական մուտքը` թեթևացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը:

ԵՀԽ-ն մի քանի հայտարարություններ և արձանագրություններ է արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ, այդ թվում՝ ԵՀԽ 11-րդ վեհաժողովի արձանագրությունը վերնագրված  «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները», որտեղ վերահաստատել է իր դատապարտումը քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառման, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, հանրային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա հարձակումների, և մնացած բոլոր պատերազմական հանցագործությունների, գլխատումների, խոշտանգումների և այլ վայրագությունների վերաբերյալ, որոնց ականատես են եղել հակամարտության ընթացքում: