Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ...

Իրականում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում, երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին, ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում, իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը Հովհաննավանքում մատուցված պատարագին:

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով պատարագին, սահմանադրական կարգ է խախտել, Գալյանը նշեց հետևյալը. «Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում, երկրորդ՝ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը, դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը: Ինչո՞վ է դա միջամտություն եկեղեցու գործերին: 

Ես ձեզ խնդրում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում կոնկրետ անհատների հետ, որոնք հանդիսանում են եկեղեցական սպասավորներ, երբեք չկապել եկեղեցու հետ»:

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին:

«Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում, և վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության, և Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին պետք է լինեն Սահմանադրության տեքստում: Մենք առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը, և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ կա խորհրդի քվեարկությունը, կներկայացնենք հանրությանը: Նախաբանը և առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել»,- նշեց Սրբուհի Գալյանը: