
Սփյուռքում կան տարբեր խմբեր, տարբեր անհատներ, հազարավոր կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն, կան խմբեր էլ, որոնք սա նորմալ ու ուշացած են համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների վերաբերյալ վերջին գրառումներին:
«Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Նախ նշեմ, որ եկեղեցին ժողովուրդն է, այն անձիք են, այն ժողովուրդն է, որոնք ձևավորում են եկեղեցին: Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար հարված նման քննարկումները չեն կարող հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձիք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում՝ վարքաբեկում են եկեղեցուն, և արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»:
Սինանյանի խոսքով՝ կան բացահայտ խնդիրներ եկեղեական վերնախավի հետ կապված, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլ՝ ակնառու են սփյուռքի մեծ մասի համար. «Սա նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է: Երբ որ բոլորը պետությունում, իրենց պատասխանատվությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին»,-եզրափակեց Սինանյանը: