Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման...

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին՝ խոսելով նաև ՀԷՑ-ի գործունեության և այն պատճառված վնասների մասին, որոնք, ըստ Կոնջորյանի, կրում են քաղաքացիները։ 

«Դու գնա ՀԷՑ-ով զբաղվի։ Այդ հարցերը շատ հստակ են և դրվելու են։ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառված վնասները։ Կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի։ Եկել է ժամանակը քննարկելու նաև ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը։ Այսօր դու սեփականատեր ես մի կառույցի, որը Հայաստանի Հանրապետության ամենաատելի կառույցն է։ Երբ հարցնես, թե որ կառույցից են ամենաշատը բողոքում քաղաքացիները, կասեն՝ ՀԷՑ-ից»,- նշեց Կոնջորյանը։ 

Հայկ Կոնջորյանի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, արձագանքելով իշխանությունների կողմից իրականացվող քննադատությանը Հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների նկատմամբ, հայտարարել էր, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա ինքն ու իր կողմնակիցները «իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը 2015 թվականի հոկտեմբերից «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։