Էջմիածինցիներն Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի կցորդ...

Հոկտեմբերի 22-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկեց ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, որոնցից կոնկրետ ՔՊ-ն և դրա թեկնածու Արգիշտի Մեխակյանը քարոզարշավի հենց առաջին իսկ օրվանից և նույնիսկ դրանից առաջ էլ խախտում են նախընտրական քարոզչության կանոնները։

Օգտագործում են վարչական լծակները, Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի քարոզչական նյութերը հայտնվում են համայնքի սոցիալական էջերում, քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպում, օրենքով արգելված հատվածներում ամենուր Արգիշտի Մեխակյանի պաստառներն են փակցնում և այլն։

Ավելին, քարոզարշավը դեռ չսկսած «Մայր Հայաստանի» լիազոր ներկայացուցիչ Արման Ստեփանյանն ահազանգել էր, որ Էջմիածին մտնող մայրուղու երկու կողմերում տեղակայված հենասյուների վրա երկաթե կոնստրուկցիաներ են ամրացվում և կասկած էր հայտնել, որ դա արվում է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառները փակցնելու հնարավորություն ապահովելու համար։

Եվ ահա, 7or.am-ի տեսախցիկը երեկ ֆիքսել է, որ այդ հենասյուների վրա իրոք փակցվում են Արգիշտի Մեխակյանի լուսանկարները։

Միևնույն ժամանակ, Էջմիածնով պտտվելով արձանագրել ենք, որ Մեխակյանի բուկլետները քաղաքացիները պատռել և նետել են փողոցներում, իսկ պատերին և այլուր հիմնականում անօրինական փակցված պաստառները պոկել են։ Գետնին էին նետված նաև ընդդիմադրի անվան ներքո, բայց ՔՊ-ին կից գործող «Հանրապետություն» կուսակցության բուկլետները։

Ահա այսպիսի յուրօրինակ կերպով են էջմիածինցիներն իրենց վերաբերմունքն արտահայտում ՔՊ-ի, վերջինիս թեկնածու Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի կցորդների նկատմամբ։