Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթեւեկողներն ինչի կարիք ունեն, որ դա առաջարկելով դուք էլ եկամուտ ունենաք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փոքր բանից սկսեք, բաներ կան, որ ֆինանսական բան չի պահանջում: Հիմա, օրինակ, Դիլիջանի ճանապարհների վրա արդեն տասնյակ տարիներ մարդիկ խաշած եգիպտացորեն են վաճառում: Դրա համար մեծ ֆինանսական ներդրում պետք չի, մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն է պետք, 2 հատ էլ քյոթուկ»,-ասաց նա:
Բնակիչներից մեկը հակադարձեց, որ ոռոգման ջուր չունեն, չեն կարող եգիպտացորեն մշակել, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Քո կարծիքով Դիլիջանում կուկուռուզն իրա՞նք են մշակում: Ոռոգման ջրի հարցը կլուծենք, բայց դա կարող է տեւել մեկ տարի, երկու տարի, հիմա երկու տարի նստենք սպասե՞նք»:
Վարչապետը շարունակեց. «Եթե աշխատանքը տանջանք է, ուրեմն այդ աշխատանքի մեջ մի ինչ-որ բան սխալ է: Այսօր բոլորիս աշխատանքի մեջ տանջանքի բաժինը շատ մեծ է, բայց դրա պատճառներից մեկն այն է, որ այդ աշխատանքը ճիշտ չի կազմակերպվում»: