ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլե...

Երևանում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հանրապետությունների մասնակիցները։

Ողջույնի խոսքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ նիստը ևս մեկ քայլ կհանդիսանա համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև՝ հաշվի առնելով այն փաստը, որ աստիճանաբար կարևոր նշանակություն են ստանում ինտեգրացիոն կապերը։

«Միայն մեր մաքսային ծառայությունների համատեղ ջանքերով կարող ենք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով»,-ասաց Հակոբյանը։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահ Վալերի Պիկալյովը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՊԵԿ նախագահին և բոլոր հայ գործընկերներին ջերմ ընդունելության և միջոցառման կազմակերպման համար, կարևորեց նիստի անցկացումը Երևանում։

«Երևանը վաղ խորհրդային և ավանդական հայկական ճարտարապետության օրինակ է և հարուստ պատմություն ունի։ Բոլորս գիտենք, որ Երևանը հնագույն քաղաք է։ Թույլ տվեք Երևանի և Հայաստանի ամբողջ բնակչությանը  խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն մաղթել»,-ասաց Պիկալյովը։

Այնուհետև օրակարգային հարցերի շուրջ զեկուցումներով հանդես եկան ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվեցին և ստորագրվեցին շուրջ 20 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։

Օրակարգային հարցերը վերաբերում են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի կազմերի արդիականացմանը, տեղորոշման կապարակնիքների կիրառման ու մաքսային փորձաքննությունների անցկացման մեթոդական առաջարկություններին։ Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկությունների փոխանակման և ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների սահմանմանը և փոփոխմանը։ 

Նիստում որոշում  կայացվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 50-րդ նիստն անցկացնել Ղրղզստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակում։