ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները...

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կլիմայի հարցերով, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Երեկ մենք շատ կարեւոր աշխատանքային խմբի հետ համաձայնեցինք կլիմայի օրակարգի շուրջ: Շատ կարեւոր է, որպեսզի մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները ոչ միայն քննարկվեն, այլ Միության` կլիմայի օրակարգի հետագա խթանման ռազմավարություն մշակվի»,- ասել է նա Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովի հետ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Միշուստինը շեշտել է, որ դա «բխում է ինչպես Միության, այնպես էլ մեր պետությունների շահերից»:

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետների նախօրեին հանդիպում տեղի է ունեցել նեղ ձեւաչափով:

Միշուստինը նաեւ հայտնել է, որ միջկառավարական խորհրդի ուրբաթ օրվա նիստի օրակարգը ներառում է միակողմանի ոչ սակագնային միջոցառումների, առեւտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժի հարցեր: