ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտար...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (Ռուսաստանի Դաշնություն)) այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը: 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման ֆոնին համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր ապաէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում`ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի հետ կապված: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ համաձայնության ոլորտներ գտնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը:

Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք սկզբունքային պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՝ քննարկելու այս գործընթացի հետագա քայլերը»,-ասված է հայտարարության մեջ: