ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր գործունեությա...

ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության թեման և ակնհայտորեն ու տրամաբանորեն ենթակա է լուծարման. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատանքը դադարեցրել է 2022-ի փետրվարին՝ միմիայն ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների մեղքով: Ըստ Զախարովայի՝ վերջիններս հրաժարվել են կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկել նախապես ծրագրված բոլոր միջոցառումները՝ առանց որևէ պատճառ նշելու։

Բացի այդ, ըստ Զախարովայի, ԵԱՀԿ ՄԽ լուծարմանն էր միտված Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս:

«Այս ամենը հանգեցրեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության թեման, հետևաբար, Մինսկի խումբն ակնհայտորեն և տրամաբանորեն ենթակա է լուծարման, ինչը միտված է նպաստելու հայ-ադրբեջանական երկար սպասված կարգավորմանը»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն նպատակով Ադրբեջանին առաջարկել է լուծարել արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը պահանջում է պաշտոնական Բաքուն: