Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում...

Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը: Այս մասին գրում է «Հետքը»:

Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգեցին, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից:

Արդեն 6-րդ օրն է` սահմանը չի կարողանում հատել «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության արտադրության պաղեցված ձուկը: Ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը պատմեց, որ սպասում են, թե երբ թույլ կտան ձկնամթերքով բեռնված իրենց մեքենաներին հատել վրացական սահմանը, սակայն ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձեւակերպելը:

Այս պահին մեկ մեքենա կանգնած է Լարսի անցակետում, իսկ ընկերության երկրորդ մեքենային ուղղորդել են դեպի Թբիլիսիի Գեզի մաքսային տերմինալ: 

«Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմեց Կարապետ Մկրտչյանը:

Բեռնափոխադրող ընկերության տնօրենը մանրամասնեց, որ եթե ձկնամթերքով բեռնված մեքենաները վերադառնան, թե՛ ինքը, թե՛ ձկնարտադրողը լուրջ վնասներ կկրեն. վարորդին պետք է աշխատավարձ վճարել, մեքենաներից յուրաքանչյուրը 500 լ դիզվառելիք է ծախսել, գումարած օրական 70 լ սառնարանն է դիզվառելիք սպառում: Միայն այն փաստը, որ բեռնափոխադրումը տեղի չի ունեցել, նշանակում է, որ ընկերությունը գումար չի աշխատել: Ձկնամթերքի տերն էլ մյուս կողմից է տուժում: Յուրաքանչյուր մեքենայում բեռնված է 22 տ ձուկ, իսկ վերադարձված բեռը ժամկետանց և փչացած է լինում:

«Լիդեր ֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ոսկանյանի 15 տոննա պաղեցված ձկնամթերքը 3-րդ օրն է` նույնպես չի կարող հատել վրացական սահմանը:

Սադախլոյի անցակետում ամբողջ բեռն անցել է ռենտգեն զննում, ինչպես միշտ, հասել է Կազբեկի անցակետ, որտեղից էլ պետք է անցներ Լարսի ռուսական մաքսակետը:

«Ձևակերպումներն արել են, ասել են` գնացեք կրկին ռենտգեն զննում անցեք 20 կմ հեռու գտնվող կետում: Վարորդն ասել է` արդեն ունեմ ռենտգենն արած, ասել են` գնա մի հատ էլ արա: Գնացել է վարորդը, երկու օր պահել են, ռենտգեն չեն արել: Վարորդը մոտեցել է, շատ կոպիտ պատասխաններ են տալիս: Երեկ գիշեր նոր ստացվել է անցնել երկրորդ ռետգենը, այն էլ՝ մենք մեր վրացի գործընկերներին ենք խնդրել, որ հետաքրքրվեն, թեժ գծերին զանգել են, փորձել են օգնել, որ փչացող բեռ է` թույլ տան անցնի, բայց ոչ մի պատճառ չեն ասում, թե ինչու են նման կերպ վարվում: Եթե պատճառ լինի, կիմանանք ինչ անել: ՀԻմա էլ ասել են՝ գնա Թբիլիսիի Գեզի տերմինալ»,- պատմում է Արթուր Ոսկանյանը: