
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Լոռու մ. Նովոսելցովո բնակավայրում ձկնաբուծությամբ զբաղվող Վ.Բ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, հարակից հոսող մակերևութային ջրային ռեսուրսից կատարել է ապօրինի ջրառ։ Կոտայքի մ. Գողթ գյուղում Գ.Գ.-ն ձկնաբուծության նպատակով Ազատ գետի վտակից առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ապօրինի ջրօգտագործում։
Արարատի մ. Նորամարգ բնակավայրում Ա.Հ.-ն ևս ձկնաբուծության համար պոմպի միջոցով ապօրինի ջրօգտագործում է կատարել դրենաժային համակարգից՝ չունենալով անհրաժեշտ թույլտվություն։
Տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով մակերևութային ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։
Իրավախախտների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով։