Դժվար է երեխաներին դաս անել երբ չկա գնահատում...

Դպրոցաշինարարության ընթացքում հանդիպող խնդիրները բազմաթիվ են ու ամեն քայլափոխի են։ Օրինակ, այս տարի մենք նորամուտ արեցինք Լուսակնի դպրոցում, որի շինարարությունը սկսվել էր հինգ տարի առաջ և շինարարությունը կարողացանք ավարտին հասցնել, երբ որ խզեցինք պայմանագիրը նախորդ կապալառուի հետ, ներգրավեցինք նոր կապալառու, որը կարողացավ ամփոփել շինարարությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ գնալով նման խնդիրները քչանում են, քանի որ համապատասխան քայլեր են արվում դրանք չեզոքացնելու համար։

«Բայց ինչո՞ւ է այս վիճակը ստեղծվել, այս իրավիճակը ստեղծվել է, որովհետև տարիներ շարունակ մարդկանց թվացել է, որ եթե ինչ-որ մի բան արվում է պետական ծրագրով, ուրեմն ցանկացած որակի աշխատանք կընդունվի, և փորձը դա է ցույց տալիս։ Գիտեք, որ գույքի գնումը անում է մեր նախարարությունը։ Մենք նույն խնդրին բախվում էինք, երբ մատակարարներին ասում էինք՝ չենք ընդունում այս գույքը, և առաջին ռեակցիան լինում էր զարմանքը, որ ո՞նց, դա ձեր սեփականը չի, դա մասնավոր չի, պետական միջոց է, պետական ծրագիր է, ինչո՞ւ եք այդքան ջանք դնում։ Բայց այս մոտեցումները փոխվում են։ Այո, դրանք հեշտ չեն փոխվում, բայց ցավոք այդ ավանդույթն է ձևավորված եղել, որ եթե պետական ծրագիր է, պետական միջոց է, ով ասես, ոնց ասես, ինչ ասես կանի և դա կընդունվի։ Հիմա իհարկե այդպես չի, և դա նաև ցույց են տալիս այն արդյունքները, որ մենք ունենք»,–ասաց նախարարը։