Ձեզ ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ ԱԺ-ում եք...

2021 թվականից  մինչև այսօր դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր, հիմա մինչև 2026 թվականն աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը դիմելով ընդդիմությանն՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Քանի՞ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացրել, քննարկումներ կազմակերպել, խուսափում եք անգամ հարակից զեկուցողներ լինեք»,- ասաց ՔՊ-ականն ու նշեց, որ  կողքից քննադատելը հեշտ է, բայց որևէ բան անելը՝ դժվար։

«Ես այնքան էլ համաձայն չեմ տեսակետի հետ, որ դուք վերադառնում եք կառուցողական դաշտ։ Դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ Ազգային ժողովում, դուք մնացել եք մեջտեղը ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված՝ մտածելով, որ այստեղ մի քիչ կառուցողական ոճի մեջ մտնեք՝ կարող է ձեզ փողոցում չընդունեն։ Բայց ձեզ փաստացի ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ Ազգային ժողովում եք ձեզ հարմարավետ զգում։ Խնդրում եմ՝ մինչև 2026 թվականի ընտրությունները կողմնորոշեցեք»,- նշեց ՔՊ-ականը։