Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, փետրվարի 19-ին ձերբակալվել է պետական պաշտոնեական լիազորությունների չարաշահումների կասկածանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սա առաջին դեպքն է, երբ նախկին արքայազնը ձերբակալվում է։ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի համար։
Էնդրյուն մշտապես և կտրականապես հերքել է ցանկացած չարաշահման վերաբերյալ մեղադրանք։
«Հետաքննության շրջանակներում մենք այսօր (19/2) ձերբակալել ենք Նորֆոլկից վաթսուն տարեկան մի տղամարդու՝ պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, և խուզարկություններ ենք իրականացնում Բերքշիրի և Նորֆոլկի հասցեներում։ Տղամարդն այս պահին մնում է ոստիկանության կալանքի տակ», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ, որտեղ ձերբակալվածի անունը չի նշվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միապետության դեմ հանդես եկող «Հանրապետություն» խումը բողոք է ներկայացրել նախկին արքայազնի դեմ։ Ըստ մեղադրանքների՝ Մաունթբաթեն-Վինձորը Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.) կարող էր չարաշահել պետական պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին։
Վերջերս հրապարակված Էփշտեյնի ֆայլերում առկա էլեկտրոնային նամակները, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս, թե ինչպես է նախկին արքայազնը Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած այցելությունների մասին հաղորդագրություններ և ներդրումային հնարավորությունների գաղտնի մանրամասներ փոխանցել։ Այցելություններից հետո՝ 2010 թ. նոյեմբերի 30-ին, նա, ամենայն հավանականությամբ, Էփշտեյնին է ուղարկել այդ այցելությունների մասին իր այն ժամանակվա հատուկ խորհրդական Ամիթ Պատելի ուղարկած պաշտոնական հաղորդագրությունները՝ դրանք ստանալուց հինգ րոպե անց։
Էփշտեյնի գործում կային նաև Աֆղանստանում ներդրումային հնարավորությունների մասին մանրամասներ, որոնք բնութագրվում էին որպես «գաղտնի», սակայն, ամենայն հավանականությամբ, փոխանցվել են Էփշտեյնին 2010 թ. դեկտեմբերի 24-ին։
Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։



