«Ձենդ կտրի էնտեղ, 6 տարի շչակի պես գոռում էիր ականջիս տակ։ Այո, մեզ համար կարեւոր է մանդատը, որովհետեւ մենք մեր քաղաքացու պատվիրակածը չենք ծախում կուլիսներում եւ միջանցքներում պայմանավորվածությունների, փայուբաժինների մեջ մտնելով»,- Երեւանի ավագանու նիստում այսօր «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հիշեցնելով, որ երբ «Իմ քայլը» խմբակցությունում լինելով ինքը քննադատում էր քաղաքապետ Հայկ Մարությանին, այլք «վազելինը» ձեռքներին պտտվում էին նրա ետեւից։ Քննարկվում էր Երեւանում տրանսպորտի արտոնությունների մասին հարցը։ «Սա ի՞նչ վերաբերմունք է մանդատի թանկության կարեւորության մասին։ Այո։ Յուրաքանչյուր մանդատը մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ այդ մանդատները ոչ թե քաղաքական պայմանավորվածություններով ու թուլափայերով են տրվում, այլ տրվում են մեր ժողովրդի հալալ ձայներով, որոնց տակ նույնիսկ վարչական ռեսուրս էլ չկա»,- հայտարարել էր Իզաբելլա Աբգարյանը՝ պատասխանելով Անի Խաչատրյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որ Հայկ Մարությանի մանդատն իրենց համար ավելի թանկ է, քան քաղաքացիների շահը։ «Մեզ հետ այստեղ կռիվ անելուց, դուք անընդհատ Հայկ Մարությանի հետ եք կռիվ անում։ Չնայած, ուզում էիք կռվեիք՝ չզրկեիք մանդատից, հրավիրեիք այստեղ ու հետը մի լավ կռվեիք։ Չէ, դուք անընդհատ մեջքի ետեւից եք գործում, դա ձեր ոճն է»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։