ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա:
Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են բիզնես միջավայրը բարելավող փոփոխություններ: «Ներկա կարգավորումներով դասակարգման որոշումներ տնտեսավարողը պետք է ստանա մինչև ապրանքների ներմուծումը: Սակայն շատ դեպքերում ապրանքների ներմուծումից հետո է առաջանում վերջնական ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման անհրաժեշտություն»,- նշել է Բադասյանը և հավելել՝ փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում վերացնել տնտեսվարողների համար հնարավոր խոչընդոտները:
Լրամշակվել է նախագծի 2-րդ հոդվածը առաջարկվում է վերացնել պետական գանձապետարանի հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության պայմանը:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: