Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշ...

Այդ դրոշակները, որ դրել եք ձեր սեղաններին, այդ սպիտակ կետերը ի՞նչ են նշանակում, գիտե՞ք ընդհանրապես: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մատնանշելով ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշները:

«Դա այն մասն է, որ ձեր գործընկերները քվեարկել են, որ Ադրբեջան է: Այն մեծ կտորը Հայաստանն է, իսկ այն պուճուրը՝ միացող Արցախն է: Այստեղ նստած ձեր գործընկերները՝ Միքայել Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Կարեն Շահմուրադյան, Արմեն Բաբայանը բացակա է եղել, քվեարկել են կողմ, որ այդ կտորը ֆիքսել են ներպետական օրենքով՝ որպես Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Սիմոնյանը և նորից հարցրեց՝ հիմա եկել են այստեղ ի՞նչ են ուզում

Սիմոնյանն ընդգծեց՝ այդ դրոշակները, որ նրանց դիմաց դրված են, այդ դրոշակին ամեն անգամ նայելուց հիշեն, որ դրոշակի այն կողմը, կտորը նրանք են ճանաչել Ադրբեջանի Հանրապետություն:

«Ու չգաք այստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք: Այդ ես չեմ ասում, Վահագն Ալեքսանյանը չի ասում, որ դուք սպառվել եք, այդ ձեր միտինգների դատարկությունն է ասում, ձեր Սրբազանի մաշվածությունն է ասում, ձեր մաշված Վազգեն Մանուկյանն է ասում, որ 5 հոգի մարդ չեք կարողանում հավաքել»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ պետք է ընդդիմությունը մտածի այն մասին, որ իրենց ազգային համարող ուժը՝ Դաշնակցությունը և Դոգը նույն վարկանիշն ունեն:

«Գնացե՛ք դրա մասին մտածեք, ամաչե՛ք, ձեր արածների համար, ամաչե՛ք: Ազգային կուսակցություն եք, փոխանակ գաք, կանգնեք ՀՀ առաջ, պատմական իրավիճակ է, Ադրբեջանի նարատիվները բերում եք էստեղ, կարդում եք լուրջ դեմքով, ձեզ էլ թվում է՝ ազգանվեր գործ եք անու՞մ: Չենք թողնելու. ես չեմ թողնելու, ժողովուրդը չի թողնելու: Դուք պետություն եք ծախել, տեսանք մի պետությունում իշխանություն դարձաք, երեք օր տևեց»,- ամփոփեց նա: