Ամիսներ առաջ իշխանության ներկայացուցիչները ակտիվորեն տարածում էին ԱԱԾ տարածած այն հաղորդագրությունը, ըստ որի կալանավորվել էր «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը։
Իշխանությունը այս տեղեկատվությունը փորձւոմ էր ներկայացնել, որպես ապատեղեկատվության դեմ պայքար։ Այս կերպ փորձ էր արվում նաև համոզել հասարակությանը, որ էջի համակարգողները օրենքներ են խախտել և առաջիկայում կկանգնեն արդարադատության առաջ։
ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ չէր բացահայտել կալանավորված անձի ինքնությունը, սակայն կարճ ժամանակ անց մեզ հաջողվեց պարզել կալանավորված քաղաքացու ինքնությունը։ Ձերբակալված քաղաքացու ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ ասել էր, որ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է, Հայաստանի և Իրանի քաղաքացի։ Առաջին օրը ձերբակալվածի ազգականները տեղյակ չեն եղել, թե իրավապահները ինչի համար են տարել նրան, սակայն հետագայում պարզել են, որ նա է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկը։
Եվ ահա ամիսներ անց պարզվում է իրավապահները առանց աղմուկի ազատ են արձակել ձերբակալված քաղաքացուն։ Ըստ ամենայնի իրավապահները չեն կարողացել ապացուցել նրա մեղքը և ազատ արձակումը իրականացրել են անաղմուկ, որպեսզի հանրության առաջ ամոթով չմնան։



