Դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում համաճարակային իրավիճակը վերահսկելի է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հունվարի 9-ից վերսկսել ենք դասապրոցեսը, գործում է համաճարակային ֆիլտր։ Դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների պարագայում Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք համաճարակային իրավիճակին, համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել։ Այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է, և կարծում եմ, եթե այդ ֆիլտրը գործի, այսինքն, հիվանդ երեխաները և աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց, դրանով իսկ զերծ պահենք վարակի տարածումից, կարող ենք դասապրոցեսի առումով ընդհատում չունենալ»,- ասաց նախարարը։
Ըստ Անդրեասյանի՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակահատվածը սովորեցրել է նման խնդիրների հետ գործ ունենալ, ունեն թե՛ հեռավար կրթության անցնելու տարբերակներ, թե՛ ցանկացած այլ հնարավորություններ։



