
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Գազայի հատվածում իրադրությունը մեկ շաբաթվա ընթացքում կկարգավորվի: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Թրամփն այս մասին հայտարարել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմակայանում լրագրողների հետ զրույցում:
«Գազայի շուրջ բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ, որ մենք կարգավորման կհասնենք առաջիկա շաբաթվա ընթացքում: Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին:
Հուլիսի 6-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Դոհայում վերսկսել են բանակցային գործընթացը, որն ուղղված է Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելուն և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմանը: Բանակցություններում, սակայն, առայժմ մեծ առաջընթաց չի գրանցվել։
Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելի մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվն արդեն գերազանցել է 58 000-ը։