
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Կատարի մայրաքաղաք Դոհային հասցված Իսրայելի հարվածների վերաբերյալ, որում միջադեպը որակել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։
«Ռուսաստանը տեղի ունեցածը դիտարկում է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում, ոտնձգություն անկախ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, մի քայլ, որը տանում է Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման և ապակայունացման։ Իսրայելում իրենց թշնամիներ և հակառակորդներ համարվողների դեմ պայքարի նման մեթոդները խստագույնս դատապարտելի են։
Միևնույն ժամանակ, Կատարի՝ այն երկրի հրթիռակոծությունը, որը առանցքային միջնորդական դեր է խաղում Գազայի հատվածում գրեթե երկու տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու և պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարության միջև անուղղակի բանակցություններում, չի կարելի ընկալել այլ կերպ, քան խաղաղ լուծումներ գտնելու միջազգային ջանքերը խաթարելուն ուղղված գործողություն»,- ընդգծվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Այդ կապակցությամբ Մոսկվան ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին պատասխանատու մոտեցում ցուցաբերել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վատթարացման և դրա քաղաքական կարգավորման գտնելու գործընթացը բարդացնելուն, նշվում է հայտարարության մեջ։
«Ռուսաստանը հաստատում է իր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը Գազայի հատվածում հնարավորինս շուտ կրակի դադարեցման անհրաժեշտության և հանրահայտ միջազգային իրավական հիմքի վրա պաղեստինյան խնդրի համապարփակ լուծման այլընտրանքի բացակայության մասին»,- ընդգծում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։