Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազ...

Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։

Ասված է Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս պահվող և նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ձերբակալված 19 հայ կալանավորներից 15 -ի նկատմամբ երկարատև ազատազրկման պատիժների նշանակման վերաբերյալ։

Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղության և հաշտեցմանն ուղղված ջանքերի ոգուն։

Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարևոր քայլ՝ առաջին անգամ տասնամյակների ընթացքում թույլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դեպի Հայաստան։ 2026 թվականի հունվարին ազատ են արձակվել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո։

Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառույցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Նման քայլը կհանդիսանա բարի կամքի նշանակալի դրսևորում և էապես կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում»։