Լրատվականներից մեկում այսօր՝ հունիսի 1-ին, տարածված տեսանյութի իրադարձությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին, տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից Քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ 2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։
Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է: