Դիլիջանի «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխ...

Առեղծվածային դեպք՝ Դիլիջանում. «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրը, որը բջջային «Mobile Centre» հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են: 

Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին: 

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից էր, ով այդ պահին գտնվում էր «Mobile Centre»-ում և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան, ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Կայքի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է: