
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել փողերի լվացման հատկանիշներով։
Ավելի վաղ նշվել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում: Նախ, Հակակոռուպցիոն կոմիտեում Դիանա Գասպարյանին պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց եւ ասել է, թե հրաժարվում է ցուցմունք տալ:
Նախաքննական մարմինը, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելուց բացի, խափանման միջոց է ընտրել նաեւ երկրից բացակայելու արգելքը:
Մինչ հարցաքննությունը՝ մայիսի 15-ին, Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչեւ օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:
37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, հընթացս հարստացել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետեւ նվիրել ընտանիքին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։