
Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլվիռա Ազիմովայի հետ:
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակման շրջանակներում Էլվիռա Ազիմովան ներկայացրել է Ղազախստանում վերջին ժամանակահատվածում ընդունված իրավական փոփոխությունները՝ միտված Մարդու իրավունքների հանձնակատարի իրավապաշտպան գործառույթների ամրապնդմանը:
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ներկայիս իրավիճակն ու առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում ներկայացվել են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումները, որոնք ամփոփված են նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցում:
Արմեն Ղևոնդյանը և Էլվիռա Ազիմովան անդրադարձել են նաև Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հստակ հարցերի: