«Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվ...

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում  2017թ․ իր խոսքերն է հիշեցրել։ Նա գրել է․

«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։

Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում:

Լևոն Տեր-Պետրոսյան, 2017թ․

Լուսանկարում՝ նախագահ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղում, 1995թ․»։