Դեպքի վայրի զննությամբ հաստատվել է՝ Գորիսի փո...

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն, որով հաստատվել է, որ հենց Երեւանի ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում է պատերազմի մասնակից Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառվել բռնությունը։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քննիչը զննություն է կազմակերպել, առաջին տպավորությամբ՝ օբյեկտիվ քննություն է իրականացվում։

Զննության ժամանակ Մենուա Հովսեփյանը ցույց է տվել բոլոր աշխատասենյակները, որտեղ իրեն տարել են, այն սենյակը, որտեղ բռնություն է գործադրվել։ «Ընդ որում՝մտնելուց դուռը բաց է եղել, ցուցանակը չի երևացել, իսկ այսօր զննության ժամանակ դուռը փակ էր, ցուցանակը դռան ետևում է եղել և փաստորեն հաստատվել է շրջանառվող տեղեկությունները, որ անձը, ում աշխատասենյակում դա տեղի է ունեցել հենց Արթուր Զաքարյանն է։ Իր աշխատասենյակում էլ զննություն է կատարվել, ինչ-որ ներկայացրել էր, նկարագրել էր բացատրությամբ՝ պատի քարտեզը և այլն, աչքերը փակ տարավ և ցույց տվեց»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ Արթուր Զաքարյանը ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։