«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագ...

Սույն տեքստով դիմում եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին:

Ձեզ դիմում եմ՝ որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցության նախագահ և մարդ, ով անցյալում առիթ է ունեցել Ձեր հետ շփման՝ ստանալով դրական տպավորություն:

Հետպատերազմյան Հայաստանում, հատկապես՝ Արցախի կործանումից հետո, դժվարությամբ եմ հասկացել մարդկանց, ովքեր կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին:

Դրանով հանդերձ, Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ին անդամակցությունը, այդ կուսակցության կողմից առաջադրումը փորձել եմ դիտարկել ռացիոնալ մոտիվով:

Սարիկը գուցե այդ կերպ փորձել է օգտակար լինել իր քաղաքին:

Բայց վերջին օրերին կրկին իրավիճակը կտրուկ փոխվեց՝ պայմանավորված Փաշինյանի հակապետական հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանը գնում է մեր պետությունը լուծարելու ճանապարհով ու այս իրավիճակում՝ «Մեր Սարիկ»-ը դառնում է վիրավորական մի պիտակ, որից պետք է ձերբազատվի ցանկացած արժանապատիվ մարդ:

Քսան օր առաջվա Հայաստանը լրիվ այլ երկիր էր, այլ էր քսան օր առաջվա իրականությունը: Քսան օր առաջ լրիվ այլ բան էր «Նիկոլի Սարիկը», այսօր այլ բան: Դու՝ Սարիկ, այլևս ներկայացնում ես մի Նիկոլի, ով գնում է միակողմանի ստորացուցիչ զիջումների, պետականության կործանման:

Մենք պետություն ենք կորցնում ու Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն. դրանց նշանակությունն ավելին է:

Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը՝ ազգակործան կապիտուլյանտների հետ չնույնանալու համար:

Պատմությունը ճշգրիտ ու դաժան գիտություն է և, վաղ թե, ուշ ցանկացած մարդու, գործչի վերաբերյալ տալու է հստակ դատավճիռ:

16.03. 2025