«Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի ունենա։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը։ Եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախի հետ կապված նման բան չէր կարող լինել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Այսօր մեր գերխնդիրը համախմբված, հզոր, բանակի կողքին լինելն է։ Երկրապահները 2020 թվականից ՀՀ պետական սահմաններն են պահում, մինչև այդ էլ 44-օրյա պատերազմին 4 հազար երկրապահ է մասնակցել մարտական գործողություններին։ Մենք 74 զոհ ենք տվել և 113 վիրավոր»,–հավելեց Միքայելյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարության որոշմանը, ըստ որի կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, Միքայելյանն ասաց.
«Դա կառավարության որոշումն է։ Ես չեմ կարող մեկնաբանություն տալ՝ ճիշտ է, թե սխալ։ Ժողովրդի մի մասը կողմ է, մի մասը դեմ։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար պետք է, որ մենք առողջ երիտասարդներ ունենանք։ Այսօր, ցավոք սրտի, մեր երիտասարդության մեծամասնությունը հիվանդ է, ազատում են ծառայությունից»։
Լրագրողի հարցին, թե արդյոք զինվորների թվի կրճատումը բացասական հետևանքներ չի ունենա բանակի համար, Սասուն Միքայելյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ թվակազմիր կրճատումը վտանգ կառաջացնի։ Ավելի կարևոր է, որ մենք պրոֆեսիոնալ զինվորներ ունենանք։ Որակ է պետք»։



