Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարից 202...

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի դեմ գույքի և բռնագանձման պահանջ է ներկայացրել: Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Դատախազությունը պահանջում է բռնագանձել  Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքը, «Toyota Camry 3.5» մակնիշի ավտոմեքենան և մոտ 202 մլն դրամ:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով նշված գույքերը պատկանում են Ռուսլան Բաղդասարյանին: Դատախազության փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով է պատկանում Ռ. Բաղդասարյանին, իսկ անշարժ գույքն ուսումնասիրության ժամանակահատվածում անհատույց փոխանցվել է այլ անձի, հետևաբար ներկայացվել է գույքի շուկայական արժեքի բռնագանձման պահանջ:

Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար։ 

Դատախազությունը պահանջել է նաև Ռուսլան Բաղդասարյանից բռնագանձել շուրջ 202 մլն 600 հազ. դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2009-2020թթ. փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում, եթե անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով գույքը փոխանցել է այլ անձի, ապա օրենքի տեսանկյունից այդ գույքը ևս պատկանում է սկզբնական սեփականատիրոջը: