«Դավիթին խփեցին, բրթեցին, ընկավ, եկեղեցում, հ...

Սա թյուրիմացություն է, որ իմ երեխեքի հետ եղել է, իմ երեխեքը ամեն կիրակի պատարագհի են մասնակցում, Կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգը, հիմա ավագ դպրոցում են սովորում, պարապում են, որ բուհ ընդունվեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցականներ Միքայել և Դավիթ Մինասյանների մայրը՝ տիկին Գայանեն։

«4 տարեկանից սկսած ես իրենց առողջության հետ կապված հոգ եմ տանում, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ ուղղակի՝ անաչառ քննություն արվի։ Ինձ որպես մայր հնարավորություն տրվի երեխուս տանը տիրություն անել, որ գոնե առողջությունը, կյանքը չվտանգվի։ Ես միայն դա եմ խնդրում։ Ես բաց նամակ եմ հրապարակել իմ կողմից։ Խնդրում եմ՝ տվեք ինձ հնարավորություն որպես մայր, որ ես իմ երեխային տանը, իմ հսկողության տակ, որպես մասնագիտությամբ բժիշկ, տիրություն անեմ, մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի։  Էն մյուս տղաս էլ, կասկածում եմ, որ թոքաբորբ է։ Ես հիմա խառնված եմ, չեմ կարողանում հանրայնորեն խոսել, ուղղակի խնդրանքս դա էր։

Մեր երեխեքին մենք շատ դժվարությամբ մեծացրել ենք, իրենք կիրթ, դաստիարակված երեխեք են։ Իրենք ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Տուն, դպրոց, պարակել, պատարագի»,–ասաց նա։

Անդրադառնալով միջադեպին, Դավիթի մայրն ասաց. «Ամենալավն իր երեխային մայրն է ճանաչում։ Այդ հրմշտոցի մեջ տեսնում եք, որ իրեն խփում են, ինքն ընկնում է, վեր է կենում, եղբայրը իրեն պահում է, օգնում է, էդ հրմշտոցի մեջ հրում են։ ԷԹդ հրմշտոցի մեջ գուցե ինքը բան է արել, ասել է՝ ես էստեղ եմ ուզում կանգնեմ։ Չգիտեմ, թող անաչառ քննություն լինի, տեսանյութերը կան»։

Հարցին՝ իր որդիները ինչ–որ քաղաքական հայացքներ ունե՞ն, տիկին Գայանեն բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես։ Ոչ մենք՝ իրենց ծնողները, ոչ իմ տղաները, մենք ընդհանրապես անկուսակցական ենք, ոչ մի կուսակցության հետ կապ չունենք։ Եվ դա էլ է ինձ համար տանջանք, թե ինչի՞ են մեզ այդ պիտակը կպցնում»։

Նշենք, որ դատարանն այսօր՝ ապրիլի 1–ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակում է մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Երեկ դատարանը քննել էր միջնորդությունը, այսօր միայն պետք է հրապարակվի որոշումը։

Նշենք, որ երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Նույն գործող անցնող հասարակական գործիք Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։