Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, այս էրե...

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ։ Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է: Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, այս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էր։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ  Գևորգ Գևորգյանը։  

ՔԿ-ն նրանց մեղադրանք ներկայացրեց, Միքայել Մինասյանին՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը), Գևորգ Գևորգյանին՝  46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։

Դավիթ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։