«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը, անդրադարձել է երեկ եղբոր ձերբակալմանն ու դրա արձագանքներին։
«Սիրելի բարեկամներ, հարազատներ ու ընկերներ,
Դավիթի և մեր ընտանիքի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտանիքի հարյուրավոր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին, որոնք մեր կողքին էին երեկ ամբողջ օրն ու գիշերը` ապօրինության, անարդարության ու քաղաքական հետապնդման տաճարի վերածված Հակակոռուպցիոն դատարանի բակում:
Դավիթն ոգին բարձր է, կամքը պողպատյա, հանձնառու մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր հայրենիքն ու ազգը քայքայող ու պառակտող խմբակի դեմ:
Իր հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև, չվախենալ հետապնդումներից ու հնչող սպառնալիքներից, մնալ հավատարիմ հռչակած արժեքներին, գաղափարներին և հետևողականորեն կյանքի կոչել Ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու արդար Հայաստանի մեր բոլորի համար ընդհանուր տեսլականը»։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն այսօր կալանավորվել է երկու ամսով։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել էր Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, նա երեկ ձերբակալվել էր։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:



