Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի...

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատանը հարակից տարածքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ՝ ընդհանուր 26,33 գրամ քաշով, և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ տելեգրամյան ալիքի օգտատիրոջից իրացնելու նպատակով ձեռք է բերել 50 փաթեթ «կրիստալ» տեսակի թմրամիջոց՝ նախնական նրա հաշվին փոխանցելով 300 դոլար։ Հայտնել է նաև, որ փաթեթների մի մասը մեքենայում է, իսկ մեկ փաթեթ արդեն իսկ տեղադրել է։

Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 21,39 գրամ քաշով։

Նախաքննությունը շարունակվում է։