Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 16–ին, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ ընտրեց Դավիթ Խաչատրյանին:
Պատգամավորների քվեարկության համաձայն՝ քվեարկությանը մասնակցած 61 պատգամավորից Դավիթ Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 0:
Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը կազմակերպում է անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, «Ես եմ» նույնականացման հարթակի, պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը:
Դավիթ Խաչատրյանը ծնվել է 1982 թվականին Երևանում: 1999-2003-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման, ֆինանսական, բանկային համակարգի և կոորպորատիվ զարգացման ոլորտներում:
2003-2005 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ունի լեյտենանտի կոչում: 2006-2016 թթ. աշխատել է բանկային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2017-2018-ին զբաղեցրել է SoftConstruct ընկերության կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը: 2019-2020 թթ. զբաղեցրել է «Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդ» ՓԲԸ-ի նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Իմ տուն» ՓԲԸ տնօրենը: 2018-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2020-2026 թթ. զբաղեցրել է ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնավարմանը զուգընթաց եղել է «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի» և «Նորք տեխնոլոգիական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Մասնակցել է պետական թվայնացման ռազմավարական նախաձեռնությունների ձևավորմանը և համակարգմանը: 2024-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է» մեդալով՝ կենսաթոշակային ոլորտում ունեցած ավանդի համար: 2026-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի «Արհեսական բանականությունը և թվային փոխակերպումը կառավարությունում» կուրսը:



