Դավաճանություն կլինի, եթե մեր խնդիրները լուծի...

Իմ համար շատ բարդ է լսել քննադատություն՝ չլսելով ալտերնատիվ առաջարկներ. Չեք պատկերացնի, թե որքան ավելի օգտակար կլիներ, եթե լինեին ալտերնատիվ առաջարկների կամ մոդելների դիսկուրս, որը ավելի շատ կզսպի մեր երկրի ռիսկերը և ավելի արդյունավետ կդարձնի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-իբն, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ավարտին ասաց հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Անդրադառնալով ապագա պատասխանատվության մասին հնչած հայտարարություններին՝ Գրիգորյանը նշեց. «Ձեզ թվում է՝ ես դա չեմ հասկանում, բայց ես հասկանում եմ նաև մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք՝ ոչ մեկ չի լուծի կամ կլուծի երրորդ երկիր, իսկ դա ես համարում եմ դավաճանություն: Այո, պետք է ունենալ համարձակություն՝ խնդիրներին լուծում տալ, ոչ թե դելեգացնել երրորդ ուժերին կամ երրորդ երկրներին, ինչը նշանակում է սպառել կամ դիսկոնտավորել ինքնիշխանությունը, որն անթույլատրելի է բոլորիս համար։ Դա մեզ ոչ ոք չի ների։

Սահմանազատումը կներեն, թե ոչ, այդքան էական չէ, բայց ինքնիշխանության դիսկոնտավորումը հաստատ ոչ ոք չի ների։ Այդ իմաստով ամեն բան շատ լավ հասկանալով ու շնորհակալություն հայտնելով իմ ապագայի նկատմամբ հոգատարության համար՝ ուզում եմ ասել՝ վստահ եղեք, որ որևէ կասկած ու մտահոգություն դրա հետ ես չունեմ՝ անկախ թե ինչ տեղի կունենա»։