Դավաճան է նա, ով փող է տալիս ու բանակից ազատվում, դավաճան է նա, ով օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որից իշխող ուժի պատգամավորները պահանջեցին անուն տալ, սակայն Մանուկյանը հրաժարվեց։
«Անուն–ազգանունով չեմ ասի։ Խոստանում եմ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահեմ»,– նշեց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց ելույթն անդրադառնալով Կառավարության ծրագրին, որով նախատեսվում է ծառայության ժամկետի կրճատում եւ սահմանին սահմանապահ զորքերի տեղակայում։
«Անվտանգության խորհրդի քարտուղար կա՝ տարած–ետբերած, որը օրերս Հանրայինով շատ մանրամասն խոսում էր այս մասին։ Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, ով մտածել է, թե վայ ինչ լավ է, որ իմ տղան շուտով առաջնագծում չի կանգնելու, երկու տարի չի ծառայելու, ուշադիր կարդացեք Կառավարության ծրագիրը, որում ասվում է. «աստիճանաբար անցում կկատարավի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծատռայության կառուցվածքը։ Սիրելի հայրենակիցներ, սա այս, մյուս տարվա համար չէ այս խոստումը, նկատի ունեցեք, սա ապագայի համար է գրված»,– ասաց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ «հոկտեմբերի 27–ի» շուրջ խոսակցություններին։ Նա առաջարկեց դասընթաց կազմակերպել, որին կարող է հրավիրվել Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Սարգսյանը, որն ըստ նրա՝ «դառնալով վարչապետ, մեկ տարի շարունակ ինչ ուզել՝ արել է»։ Հրավիրյալների շարքում ըստ Մանուկյանի՝ կարող են լինել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը։
«Մելքոնյան Գագոյին էլ հարցրեք՝ ո՞նց եղավ, որ նա ստացավ գեներալ–մայորի կոչում»,– հավելեց Մանուկյանը։



